Մենք չենք պայքարում ֆինանսի համար. արցախցիները հանդիպում են ՀՀ փոխվարչապետի հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն այս պահին հանդիպում են ունենում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։
Ինչպես հայտնել ենք, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:
Մինչ կառավարություն մտնելը Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ հայրենիք վերադարձն իրենց ռազմավարական նպատակն է, բայց այս պահին ամենահրատապ հարցն Արցախի ժողովրդին Հայաստանում պահելն է արժանապատիվ պայմաններում։ Խոսքը և՛ բնակարանային, և՛ զբաղվածության, և՛ մի շարք այլ ծրագրերի մասին է։
«Առնվազն մեր ներքին հարցերը պետք է քննարկվեն և լուծում ստանան։ Արցախցիները պայքարում են ոչ թե ֆինանսական աջակցության համար, այլ արժանապատիվ և կայուն կեցության պայմանների, ինչպես նաև զբաղվածության արդյունավետ ծրագրերի համար։
Հիմնական պայմանների ստեղծման դեպքում մենք ինքներս կկարողանանք լուծել մեր խնդիրները»,– նշեց Բեգլարյանը։
Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվելու է։
Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։
ՀՀ կառավարությունն այսուհետև աջակցություն է տրամադրելու միայն երեխաներին (մինչև 18 տարեկան), թոշակառուներին (63 տարեկանից բարձր), 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին։
Եվ նույնիսկ նրանց համար աջակցությունը կնվազի ամսական մինչև 40 000 դրամ, իսկ հուլիսից` մինչև 30 հազար։
Հավելենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։

You may also like...