«40+10»–ին հետդարձ չի լինելու. արցախցիները հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, որը հստակ ասել է` «40+10» ծրագրին հետդարձ չկա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:
Հանդիպմանն արցախցիները ներկայացրել են իրենց պահանջագրի 12 կետերը, որից միայն սոցիալական բաղադրիչի մասով է քննարկում եղել։
«Պատասխանը հստակ էր` «40+10»–ին հետդարձ ճանապարհ չի լինելու։
Մեր խորհուրդը պետք է լայն քննարկում ունենա և որոշենք մեր հետագա անելիքները, քանի որ մեր պահանջն այլ էր` «40+10»–ը պետք է այլընտրանք չունենա»,– նշեց խորհրդի անդամ, Արցախի մայրերի աջակցության կենտրոնի հիմնադիր Մարիամ Աբրահամյանը։
ՀՀ փոխվարչապետին մի հարց էլ են ուղղել` ինչ պետք է անեն այն անձինք, որոնք չեն հասել կենսաթոշակային տարիքի, չունեն երեխա, աշխատանք։ Խաչատրյանը հակափաստարկ է բերել, որ այդ նույն կարգավիճակում ՀՀ քաղաքացիներ էլ կան, ինչին ի պատասխան արցախցիները վրդովվել են, որ տեղահանված և չտեղահանված անձնաց միջև հավասարության նշան է դրվել։
«Ինքը 3 անգամ կրկնեց, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ էլ կան այդ իրավիճակում, հետո էլ ընդգծեց, որ պետք լինի, 5 անգամ էլ նույնը կասի։ Փոխվարչապետը չի հասկանում` բռնի տեղահանվածին չի կարելի համեմատել մեկ այլ կարգավիճակում գտնվող մարդու հետ։ Չեմ պատկերացնում, որ իրենցից ինչ–որ տարբերակ կլսենք»,– ասաց Աբրահամյանը։
Մեկ այլ արցախցի էլ ասաց, որ հավանաբար գործողությունների կանցնեն, բայց չմանրամասնեց, թե հստակ ինչ են անելու։

You may also like...