Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Էստոնիայի արդարադատության և թվայնացման նախարարի հետ. ինչ հարցեր են քննարկվել
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 3-ին Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի արդարադատության և թվայնացման նախարար Լիիսա֊Լի Պակոստայի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը:
Այցի շրջանակում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է այցի օրակարգով նախատեսված մի շարք այլ հանդիպումների և քննարկումների:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Էստոնիայի կառավարության ՏՀՏ համակարգման գործընթացներին, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության գործարկման մեխանիզմներին, Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի` (ESTDEV) միջազգային զարգացման համագործակցության նախագծերին ու պետական ծառայությունների մատուցման համար գլոբալ օգտագործվող մեթոդաբանությանն և գործիքակազմին և այլ հարցերի:
Պատվիրակությունն այցելել է նաև Պետական տեղեկատվական համակարգի մարմին (RIA), որտեղ Կիբեռանվտանգության, տեղեկատվական համակարգի մարմնի (RIA) տնօրեն Գերտ Աուվարտի հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի տեխնոլոգիաների և սպառնալիքների շարունակական զարգացմանը, կիբեռանվտանգության իրավիճակին և կառավարման գործընթացներին վերաբերող հարցեր:
