Իրանի եվ Հայաստանի ժողովուրդներն իրական ընկերներ են․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Այսօր հատուկ հրավերով Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից:
Դպրոցականները հանդես եկան Հայաստանի և Իրանի մշակույթի, սովորույթների և ազգային տոների մասին պարսկերեն ելույթներով՝ շեշտադրելով երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները։
Միջոցառումն ամփոփող շնորհակալական խոսքում Մեհդի Սոբհանին նշեց, որ ուրախ է տեսնել, թե որքան լավ են տիրապետում հայ աշակերտները պարսկերենին և որքան իրազեկ են Իրանի մշակույթին։ Դեսպանն ընդգծեց, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկերներ են, և Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթում է լավագույնը։
Մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ ամեն տարի դպրոց այցելելու, պարսկերեն ուսումնասիրող աշակերտներին մոտիվացնելու, հայ-իրանական բարեկամական կապերն ամրապնդելու համար։
Հավելենք, որ մայիսին կայանալու է «Հայաստան-Իրան բարեկամական կամուրջ» խորագրով հանրապետական մրցույթ, որին մասնակցելու են նաև Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները։
