Քննարկվել է տարածաշրջանային բարդ իրավիճակում ՀՀ-Ֆրանսիա փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ֆրանսիայի պատգամավորական պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելիի հետ:

Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը գլոբալ և տարածաշրջանային բարդ իրավիճակում:

photo (2).jpg (317 KB)

Հակոբ Արշակյանն ընդգծել է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման կարևորությունը, որը կնպաստի տնտեսական, սոցիալ-մշակութային կապերի զարգացմանը:

Կարևորվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ԵՄ-ին անդամակցության գործընթացի մասին օրենքի նախագիծը: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը:

Նա ընդգծել Է Ֆրանսիայի առանձնահատուկ դերը պաշտպանական, քաղաքական և այլ ոլորտներում համագործակցության տեսանկյունից:

photo (3).jpg (307 KB)

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

ԱԺ նախագահի տեղակալը պատվիրակությանը նաև տեղեկացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի մասին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կեղծ հայտարարությունների պատճառով սահմանային լարվածության սրման կապակցությամբ:

Ընդգծվել է հումանիտար հարցերի լուծման կարևորությունը, ինչպիսին է հայ գերիների վերադարձը:

Հայկական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

You may also like...