Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Իր հերթին, նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հրավերի համար՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերն ապրել են շարունակական զարգացում. որպես դրա վառ օրինակ նա նշել է, այդ թվում՝ ՀՀ և ԱՄԷ միջև շաբաթական իրականացվող շուրջ 30 ուղիղ ավիաչվերթների հանգամանքը։
Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Ներդրումային միջավայրի խթանման և համատեղ նախաձեռնությունների իրականացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով անդրադարձ է կատարվել անհրաժեշտ քայլերի ակտիվացմանը։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ԱՄԷ ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ ընդգծելով, որ երկիրն օրինակելի է զարգացման իր մոտեցումներով և ռազմավարական տեսլականով։
Նա նաև նշել է, որ Աբու Դաբիի Ամենամյա ներդրումային համաժողովն արդյունավետ հարթակ է պետությունների ու գործարար համայնքների ներկայացուցիչների, ներդրողների և ոլորտային կազմակերպությունների միջև կապերի ստեղծման և արդյունավետ փոխգործակցության խթանման համար։
Հանդիպման ավարտին նախագահները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակել խորացնել երկկողմ հարաբերությունները և բացահայտել նոր համագործակցային հնարավորություններ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

