ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին:

Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102 միլիոն եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար:
Այս մասին ասել է ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 11-ի նիստում  քննարկմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները: Ծրագիրը գործելու է մինչև 2029 թվականի սեպտեմբերի 30-ը:

Նշվել է, որ վարկը հիմնականում  օգտագործվելու է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակով:

102 միլիոն վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է, վարկի մարման ժամկետը՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի:

Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին, իսկ մայր գումարի մարումն իրականացվելու է՝ սկսած 2039 թվականի հուլիսի 15-ից մինչև 2049 թվականի հունվարի 15-ը՝ վարկի գումարի 5 տոկոս հավասարաչափ չափաբաժիններով:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրինագծին:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

You may also like...