Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքին
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքային օրակարգում շարունակում են առաջնահերթություն մնալ մարզային այցելությունները, որոնք միտված են կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Աշխատանքային քննարկումների ընթացքում Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի պետ Սևակ Սիմոնյանն ու Սյունիքի մարզային բաժնի պետ Հայկ Պետրոսյանը ներկայացրել են իրենց բաժինների որոշ ցուցանիշներն ու աշխատանքի կազմակերպմանն առնչվող հարցերը։
.jpg)
Գլխավոր հարկադիր կատարողն առանձնահատուկ հետաքրքրվել է Ծառայության շարժական գրասենյակների աշխատանքով։ Զեկուցվել է, որ շարժական գրասենյակների միջոցով սպասարկվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի Ճամբարակ, Դիլիջան, Վարդենիս, Մարտունի, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան խոշորացված համայնքների հեռավոր գյուղերի շուրջ 700 քաղաքացի։ Նրանց տրամադրվել է խորհրդատվություն, իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթներին առնչվող տեղեկատվություն։
Շեշտվել է, որ շարժական գրասենյակների գործարկմամբ՝ ակտիվացել է խոշորացված համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիներին հասանելի ծառայությունների մասին իրազեկվածությունը, ինչպես նաև տեղում մասնագիտական աջակցության տրամադրումը։
.jpg)
Սիրո Ամիրխանյանը հանձնարարական է տվել մարզային բաժինների պետերին վերահսկել նաև Ծառայության դեպոզիտ հաշիվներում առկա և քաղաքացիներին վերադարձման ենթակա գումարների գործընթացի համակարգված իրականացումը։
Գլխավոր հարկադիր կատարողը շրջել է նաև մարզային բաժինների և բաժանմունքների վարչական շենքերով, տեղում ծանոթացել քաղաքացիների սպասարկման գրասենյակներին, հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին՝ ուշադրություն դարձնելով աշխատանքային միջավայրի հարմարավետությանը և նյութատեխնիկական հագեցվածությանը։
