Երևանի հետ հարաբերությունների կարգավորման խոչընդոտներն են Մինսկի խումբն ու ՀՀ Սահմանադրությունը․ Բայրամով

«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից և [Ադրբեջանին ուղղված] տարածքային պահանջների վերացումից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չի մնա», — այսօր Անթալյաում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

APA գործակալության փոխանցմամբ, Բայրամովը Մինսկի խումբը «հակամարտության մնացուկ» է անվանել։

Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը կրկնել է նաև Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը։

«Սա Ադրբեջանի հետևողական և երկարաժամկետ մոտեցումն է, և հայկական կողմը դրա մասին տեղյակ է», — նշել է Բայրամովը։

Երևանը Սահմանդրությունը փոփոխելու պահանջն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակում, ԵԱՀՄ Մինսկի խմբի լուծարումն, ասում է, հնարավոր է միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը նախօրեին Անթալիայում հայտարարել է՝ «Փաշինյանն ասել է, որ կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ»։

Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը՝ սա համարելով տարածքային նկրտում Ադրբեջանի նկատմամբ։

You may also like...