ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին
Ապրիլի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

Նախարարն անդրադարձել է համագործակցության ընդլայնման մի շարք թիրախային ուղղությունների՝ առանձնացնելով հատկապես կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարը։
Այս համատեքստում Արփինե Սարգսյանը մատնանշել է ապօրինի թմրաշրջանառության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում իրավապահ կառույցների փոխլրացնող գործողությունները, ինչը բխում է երկու բարեկամ երկրների բնակչության առողջության պահպանման շահերից։
Մեհդի Սոբհանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ։
Դեսպանը մատնանշել է հանցավորության արդի մարտահրավերներին, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառությանը համատեղ հակազդելու առաջնահերթությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցառումների իրականացմանը նաև Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններ այցերի կազմակերպման միջոցով։

Հայաստանի և Իրանի ոստիկանական համակարգերի ամենօրյա սերտ համագործակցությանն անդրադարձ է կատարել ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև աղետների ռիսկի կառավարման և միգրացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնման ու ամենօրյա տարաբնույթ աշխատանքներին վերաբերող հարցեր։
