Անդրանիկ Քոչարյանը պնդել է՝ շրթունքները մաքրելու պահանջի մեջ որևէ վիրավորական բան չի դրել
Իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դեմ չէ ԱԺ աշխատակազմի՝ իր վարքի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը տված դրական եզրակացությանը։
Հիշեցնենք՝ նա վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին․ կոշտ տոնով պահանջել էր իր կողքից հեռանալ ու մաքրել շրթունքները:
Հարցին, թե այդուհանդերձ ինչո՞ւ է նման բան ասել՝ Քոչարյանը պատասխանեց. «Կարող եք դիմել Բագրատ հոգևորականին»։
Իսկ թե հնարավո՞ր է հանձնաժողովը նրան զրկի ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ պատգամավորը պատասխանեց. «Իսկ ձեզ հնարավո՞ր է զրկեն լրագրողի պաշտոնից։ Եթե էթիկայի հանձնաժողովների մասին է՝ ինչքան պետք է պատգամավորի հետ բարեվարքության հետ կապված խնդիրները բարձրաձայնվեն, խոսվեն, որոշումներ կայացվեն, նուն ձևի պետք է անել լրագրողական հանրույթի հետ»։
Իսկ թե ինչո՞ւ էր ասել շրթունքներդ մաքրի, նշեց. «Ես գրառմամբ բերել եմ Սաղմոսի օրինակ, շրթունքների մաքրությունը դուք ի՞նչ եք հասակացել։ Օրինակ՝ ես ասել եմ, որ դրա մեջ ես որևէ վիրավորական բան չեմ դրել։ Այ, թե ինչո՞ւ դուք չեք ուզում հասկանալ՝ ձեր պրոբլեմն է»,-ասաց նա։
