Զելենսկու գրասենյակը հերքել է 100,000 սպանված զինծառայողի մասին տեղեկությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հերքել է 100,000 սպանված զինծառայողի մասին տեղեկությունը. ավելի վաղ ամերիկյան CBS-ը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը նման բան է ասել հարցազրույցում:
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը մանրամասնել է, որ Զելենսկին նման բան չի ասել, իսկ 100,000 զոհի մասին տեղեկությունը հնչում է CBS-ի ռեպորտաժում՝ կադրից դուրս:
«Ուշադրություն դարձրեք, որ սյուժեի կադրից դուրս տեքստում հնչում է 100,000 թիվը, իսկ հարցազրույցում դա չի ասվում: Նախագահն ասել է միայն, որ մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը»,- ընդգծել է Նիկիֆորովը։
Հիշեցնենք, որ ըստ CBS-ի հրապարակման, Զելենսկին ասել էր հետևյալ.«Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը: Չկա ավելի բարձր գին: Մենք տվել ենք մեր ամբողջ գումարը, այն ամենը, ինչ ունենք ֆինանսական առումով:
Բայց ամենակարևորը, մենք տվել ենք մեր ժողովրդի կյանքը: ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվորական, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա: Ռուս զավթիչները նաև 780 հարձակում են իրականացրել բժշկական հաստատությունների և 1700-ը՝ դպրոցների վրա»:
