Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Կրեմլ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
Միաժամանակ նա ընդգծել է, որ երկրների միջև հարաբերությունները վերականգնելու համար դեռ ժամկետներ չկան։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Ոչ, հստակ ժամկետներ չկան, բայց ճիշտ է, որ Ռուսաստանն իսկապես պատրաստ է քայլեր ձեռնարկել հարաբերությունները կարգավորելու համար:
Մենք շահագրգռված ենք լավ հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ, որոնք պատրաստ են և ցանկանում են դա»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը:
Ապրիլի 11-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ իշխանությունները շահագրգռված են «նորմալ հարաբերություններով» տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։
Նա ընդգծել էր, որ Թբիլիսին և Մոսկվան, խզելով դիվանագիտական հարաբերությունները, այնուհանդերձ, պահպանում են առևտրային գործընկերությունը։
