Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանը. Իրանի ԱԳՆ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարիդրացիությանը՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է խաղաղության հասնելու գործում աջակցել Երևանին և Բաքվին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tehrantimes-ը՝ մեջբերելով Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հայտարարությունը։
Նա դատապարտել է տարածքային ամբողջականության ցանկացած խախտում՝ ընդգծելով, որ ռազմական ուժը չպետք է օգտագործվի այլ երկրի տարածք գրավելու համար։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ համաձայնության հասնելու և բանակցությունների ավարտի մասին։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագիրը ստորագրելու տեղը և ժամկետները որոշելու վերաբերյալ, Ադրբեջանը, սակայն, նոր նախապայմաններ է առաջ քաշել՝ համաձայնագիրը ստորագրելու համար։
Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումը, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը նաև պնդում է, որ համաձայնագիրը ստորագրելուց առաջ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Հայաստանի վարչապետն Ադրբեջանին առաջարկել է Մինսկի խումբը լուծարելու՝ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումն ու խաղաղության համաձայնագիրը ստորագրել միասին։
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի կեղծ պնդմանը, հայկական կողմը բազմիցս հերքել է Բաքվի մեղադրանքները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
