2018-ից մեր օրակարգում է նոր Սահմանադրությունը, չպետք է այն կապել հայ-ադրբեջանական գործընթացի հետ. Միրզոյան
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների:
Լրագրողները հետաքրքրվել են, թե պատրաստ է Հայաստանը փոփոխել Սահմանադրությունը:
«Սկսենք նրանից, որ երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխությունը, և մեր ներկայիս իշխող կուսակցությունը դարձավ իշխանության, մենք գրեթե անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում ենք փոփոխություններ կատարել մեր Սահմանադրությունում։ Եվ այժմ, ինչպես ես տեսնում եմ, դա լինելու է ոչ միայն ներկայիս Սահմանադրության փոփոխություն, այլև նոր Սահմանադրություն։
Արդեն գործող հանձնաժողովը, որը զբաղվում է Սահմանադրական փոփոխություններով, քննարկում է իրավական մեխանիզմները, և ինչպես գիտեմ, հանձնաժողովի մանդատի ժամկետը լրանում է 2026 թվականին: Նույն տարում մենք ունենք խորհրդարանական ընտրություններ։ Այսպիսով, 2018-ից մենք պնդում ենք նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, և դա շարունակում է մնալ մեր օրակարգում։ Մենք պատրաստվում ենք կյանքի կոչել դա։
Բայց հարցը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, կառուցողական չէ։ Վերադառնալով իմ նախորդ մեկնաբանություններին՝ ուզում եմ ընդգծել, որ առկա է երկու ճանապարհ։ Առաջինը՝ սպասել, մինչև բոլոր հնարավոր հարցերին պատասխաններ գտնվեն, և միայն դրանից հետո ձեռնարկել քայլեր։
Երկրորդը՝ գործել հիմա՝ չսպասելով միանգամից բոլոր լուծումներին։ Այդ մասին ես խոսել եմ նաև պանելային քննարկման ժամանակ՝ շեշտելով, որ պետք է կառուցել աստիճանաբար՝ նախ դնելով առաջին քարը, ապա հաջորդը և այդպես շարունակ։ Ես վստահ եմ, որ ինչ-որ պահի հետ նայելով կտեսնենք, որ կառուցել ենք ամուր ու կայուն կամուրջ։ Հետևաբար, մենք խորապես համոզված ենք, որ պետք է սկսել հենց հիմա»,- ասել է Միրզոյանը:
