Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ելույթ ունենալով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստում, Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ ողջունել է մասնակիցներին և հյուրերին:
«Մեր նիստը ոչ միայն հաղթանակի 80-ամյակը գնահատելու, այլև պատերազմը՝ որպես մարդկության համար աղետալի հետևանքներ ունեցող երևույթ վերհիշելու առիթ է:
Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են միջազգային հարաբերությունների ձևավորված մեխանիզմներն ու կարծրատիպերը:
Վերջին տասնամյակների հակամարտություններն ունեցել են հետևանքներ, որոնք դուրս են անմիջականորեն ներգրավված երկրներից և տարածաշրջաններից: Դրանց ազդեցությունը՝ սկսած հումանիտար ճգնաժամերից մինչև քաղաքական անկայունություն, ներգործում է գրեթե ամբողջ մարդկության վրա:
Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության վրա հարձակումները կանխելու և խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում»:
