Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» 1993թ. մայիսի 19-ի համաձայնագրով։ Ներկայումս անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում: 2020 թ. մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիրը։ Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որով կողմերի պետությունների քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք։ 2021թվականի ապրիլ ամսին վրացական կողմին է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին 1993թ․ մայիսի 19-ի համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրության նախագիծը։ Սակայն, ի պատասխան արձանագրության նախագծի, վրացական կողմը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների համար փոխադարձ առանց վիզաների տեղաշարժման մասին» համաձայնագրի նոր նախագիծ, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 1993 թ. մայիսի 19-ի համաձայնագիրը։ Վերջին տարիներին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը հետևողականորեն աճել է։ Մասնավորապես, համաձայն Վրաստանի տուրիզմի ազգային գործակալության տվյալների՝ 2011 թ.-ին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է շուրջ 562 հազար այցելու, իսկ արդեն 2019 թ.-ին՝ 1 միլիոն 365 հազար այցելու։ 2020 թ.-ին, COVID-19 համավարակով պայմանավորված, Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը զգալիորեն նվազել է (շուրջ 260 հազար այցելու)։ Համաձայնագիրը առնչվում է նաև Վրաստանում բնակվող մեծաթիվ հայ բնակչության դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ տեղաշարժի հարցին։ Նշենք, որ համաձայն Վրաստանում անցկացված վերջին մարդահամարի տվյալների (2014թ.)՝ Վրաստանում բնակվող հայերի թիվը կազմում է շուրջ 168 հազար մարդ, որից մոտ 53 հազարը՝ Թբիլիսիում, 81 հազարը՝ Սամցխե-Ջավախեթիի շրջանում, 21 հազարը՝ Քվեմո Քարթլիի շրջանում, 5 հազարը՝ Աջարիայում։

You may also like...