Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն. Սինիրօղլուն՝ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ով Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակում:

Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն և կառույցը շարունակելու է նպաստել խաղաղության օրակարգի առաջմղմանը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման նպատակով:

Այս համատեքստում, զրուցակիցները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս են հայտնել:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագիրը ստորագրելու գործընթացում Հայաստանի դիրքորոշումներին՝ շեշտելով, որ խաղաղության օրակարգը ՀՀ Կառավարության առաջնահերթությունն է:
Իր հերթին, Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորություններ կան և պետք է դրանք իրացնել:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
