2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023-ին. Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.
«Հաղորդումը, ի թիվս այլ ուղղությունների, ներառում է՝
Պետական և համայնքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում կատարված աշխատանքը, ուսումնասիրություններն ու դատարան ներկայացված հայցերը, պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները:
Հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարը՝ քրեական վարույթի նկատմամբ հսկողությունից ու դատարանում մեղադրանքի պաշտպանությունից մինչև պատիժների և հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ հսկողություն:
Զինվորական ծառայության հետ կապված հանցագործությունների կանխումը, բացահայտումն ու պատժումը, ինչպես նաև զինված ուժերի նյութական ապահովության նկատմամբ ոտնձգությունները բացահայտելուն ուղղված՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունները, պատճառված վնասի վերականգնումը:
2024 թվականի ընթացքում, համաձայն Ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության դեպքերի 1.1%-ով նվազում և բացահայտման ցուցանիշի 3.4%-ով աճ:
2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 232 դեպք (2023 թվականին՝ 40 հազար 666 դեպք), որոնցից 18 հազար 397-ը (2023 թվականին՝ 20 հազար 231 դեպք)՝ Երևան քաղաքում: 2023 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով:
2024 թվականին նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը: Մասնավորապես՝ միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով (2023 թվականին՝ 12 հազար 848 դեպք, 2024 թվականին՝ 12 հազար 253 դեպք), ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8%-ով (2023 թվականին՝ 6116 դեպք, 2024 թվականին՝ 5518 դեպք), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով (2023 թվականին՝ 1678, 2024 թվականին՝ 2100 դեպք):
2024 թվականին 7.6%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 89.5%-ով՝ մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11.9%-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգությունները, 9.9%-ով՝ խարդախությունները, 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները:
2024 թվականի ընթացքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործության 7353 դեպք, 2023 թվականին՝ 7138. աճը կազմում է 3%: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպքից 3007-ը կամ 40.9%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ 4346-ը կամ 59.1%- ը՝ ՀՀ մարզերում:
2024 թվականին արձանագրվել է սպանության դեպքերի աճ՝ 8-ով կամ 14.5%-ով (2023 թվականին՝ 55 դեպք, 2024 թվականին՝ 63 դեպք). Երևան քաղաքում սպանության դեպքերը նվազել են 7-ով կամ 32%-ով:
Սպանության փորձի դեպքերը, 2023 թվականի համեմատ, նվազել են 4-ով կամ 6.2%-ով (2023 թվականին՝ 65 դեպք, 2024 թվականին՝ 61): Սպանության նախապատրաստության դեպքերը նվազել են 2-ով կամ 50%-ով (2023 թվականին՝ 4 դեպք, 2024 թվականին՝ 2):
2024 թվականի ընթացքում, 2023 թվականի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 149 դեպքով կամ 1.3%-ով նվազում (2023 թվականին՝ 11.420 դեպք, 2024 թվականին՝ 11.271 դեպք), իսկ Երևան քաղաքում դեպքերը նվազել են 298-ով կամ 4.3%-ով (2023 թվականին՝ 6982 դեպք, 2024 թվականին՝ 6684):
2024 թվականին նվազում է արձանագրվել ավազակության՝ 7-ով կամ 9.2%-ով, կողոպուտի՝ 22-ով կամ 14.9%-ով, գողության՝ 478-ով կամ 7%-ով, բնակարանային գողությունների՝ 9-ով կամ 1%-ով, վստահված գույքի հափշտակության՝ 58 կամ 14.1% դեպքերով։
2024 թվականին թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը կազմել է 3639, 2023 թվականին՝ 5070 դեպք։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով կամ 28.2%-ով: Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 1910, որը 2023 թվականին արձանագրված 2802 դեպքի համեմատ հանդիսանում է 892-ով կամ 31.8%-ով նվազում։
2024 թվականին, 2023 թվականի համեմատությամբ, արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 168 դեպքով կամ 3.6%-ով նվազում (2023 թվականին՝ 4704 դեպք, 2024 թվականին՝ 4536):
2024 թվականին ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), որից 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ): 2024 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ, քան 2023 թվականին, որից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ, կարճվել է 1264-ով կամ 5.1%-ով ավելի քրեական վարույթ:
2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1%-ը քննվել է մինչև 2 ամիս, 21.5%-ը՝ մինչև 4 ամիս, 15%-ը՝ մինչև 6 ամիս, 11.9%-ը՝ մինչև 1 տարի, 9.5 %-ը՝ 1 տարուց ավելի ժամկետում:
2024 թվականին, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս (2023 թվականին՝ 34 միլիարդ 300 միլիոն դրամ էր):
Նախաքննական մարմինների կողմից քննված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել 2 միլիարդ 658 միլիոն 771 հազար դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա:
2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ): Այսպիսով, 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին: Արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8%-ով:
2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ (2023 թվականին՝ 663 միլիոն 495 հազար դրամ): Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 210 միլիոն 481 հազար դրամ (2023 թվականին` 173 միլիոն 385 հազար դրամ):
2024 թվականի ընթացքում զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք: Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11.2%-ով: Հիշեցնեմ, որ 2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք: Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36.4%-ը եղել են պատահարներ, 1331-ը կամ 63.6%-ը հանցագործություններ, որից 715-ը կամ 53.7%-ը` զինվորական, 616-ը կամ 46.3%-ը` այլ հանցագործություններ։
2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք (2023 թվականին՝ 54):
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում՝ 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ: Հիշեցնեմ, որ 2023 թվականին վերականգնվել էր 2 միլիարդ 482 միլիոն 453 հազար դրամ:
Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2024 թվականին շարունակել է ուսումնասիրությունները և պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն, հայտնաբերել է 328 իրավախախտում:
Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության ոլորտները: Հաշվետու և նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է նախնական գնահատմամբ շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ (շուրջ 7 միլիոն 69 հազար ԱՄՆ դոլար) շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք»:
