Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի ինքնաթիռ՝ օգնելու մարել նախօրեին Շահիդ Ռաջաի նավահանգստում բռնկված հրդեհը։
Այս մասին կիրակի՝ ապրիլի 27-ին, հայտնել են ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները, գրում է kp.ru-ն։
«Միջադեպը տեղի է ունեցել Շահիդ Ռաջաի նավահանգստի տարածքում պահվող մի քանի բեռնարկղերի պայթյունի հետևանքով: Ներկայումս մենք տարհանում և վիրավորներին տեղափոխում ենք բժշկական կենտրոններ», — BBC-ի փոխանցմամբ՝ պետական հեռուստատեսությանը հայտնել է ճգնաժամային կառավարման տեղական պաշտոնյան:
Իրանի Առողջապահության նախարարությունը Հորմոզգան նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ մարդկանց խնդրելով մնալ տանը, փակ պահել պատուհանները և կրել դիմակներ։
Պաշտոնապես երկրի իշխանությունները չեն ասում, թե կոնկրետ ինչ է եղել պայթած բեռնարկղերում։ Սակայն New York Times-ի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող աղբյուրը հայտնել է, որ նավահանգստում նատրիումի պերքլորատով բեռնարկղեր են պայթել:
Այս նյութն օգտագործվում է պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար։
