Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

Նախնական արդյունքների համաձայն՝ Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվել են երկուշաբթի օրը:

Կուսակցության ղեկավար, Կանադայի ներկայիս վարչապետ Մարկ Քարնին կգլխավորի երկրի հաջորդ կառավարությունը: Այս մասին փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։

Նշվում է, որ ընտրությունները չափազանց անսովոր էին, քանի որ տնտեսական իրավիճակի հետ մեկտեղ գլխավոր խնդիրը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն էին։

Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, նրա կողմից կանադական ներմուծման մաքսատուրքերի սահմանումը, ինչը կարող է Կանադայում ռեցեսիայի պատճառ դառնալ, ազդել են շատ ընտրողների տրամադրությունների վրա:

60-ամյա տնտեսագետ Մարկ Քարնին, ով նախկինում ղեկավարել է Կանադայի և Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկերը, իրեն դիրքավորել է որպես հակաթրամփիստ ՝ իր նախընտրական արշավում կենտրոնանալով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վրա:

Հիշեցնենք, որ Ջասթին Թրյուդոն հունվարի սկզբին հայտարարել էր, որ ինը տարվա ղեկավարումից հետո մտադիր է հեռանալ վարչապետի և իշխող լիբերալների առաջնորդի պաշտոնից։

You may also like...