Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետև նաև մրցավարական գործունեություն կծավալի

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետև նաև մրցավարական գործունեություն կծավալի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Խուրշուդյանը:

«Մրցավար աշխատելու գաղափարը վաղուց ունեի, դեռևս այն ժամանակ, երբ գործող մարզիկ էի:

Հայաստանի առաջնությունում, երբ ընթանում էր պատանիների կամ երիտասարդների մրցաշարը, ինքս էի ուզում մրցավար լինել:

Եվ հիմա էլ այսպես է ստացվում՝ սպորտից հետո էլ մնում եմ սպորտում»,- նշել է նա:

Վերջինիս խոսքով՝ այժմ պաշտոնապես ստացել է «Ազգային մրցավար»-ի կոչում, և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտ է ներկայացրել միջազգային կառույցին՝ միջազգային կարգի մրցավարի կոչման համար:

«Հայաստանում չունենք կին մրցավար, և ես շատ ուրախ եմ, որ կրկին առաջինն եմ լինելու: Միջազգային կարգի մրցավարի կոչման համար միջազգային ֆեդերացիայի կողմից «քննական» մրցաշարում կլինեմ որպես մրցավար, որից հետո արդեն ըստ տարիքային խմբերի պետք է սկսվի գործունեությունս: 25 տարի լինելով ծանրամարտում՝ գիտեմ նաև, թե ինչպես է լինում այս ամբողջ գործընթացը»,- առանձնացրել է նա:

Հռիփսիմե Խուրշուդյանը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2024 թվականին: Նախորդ տարվա սկզբին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Խուրշուդյանը դարձել էր ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

You may also like...