Պենտագոնի ղեկավարը uպառնացել է Իրանին

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվության կենթարկվի Եմենի հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժմանն օգնելու համար։

«Ուղերձ Իրանին. մենք տեսնում ենք ձեր մահացու աջակցությունը (զենքի-Խմբ.) հութիներին:

Մենք հստակ գիտենք, թե ինչ եք անում: Դուք լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ զինված ուժերը, և ձեզ նախազգուշացրել են:

Ձեր համար հետևանքներ կլինեն մեր ընտրած ժամանակին և վայրում», — գրել է նա X-ում:

Մարտի 15-ին Միացյալ Նահանգները սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը վերահսկող հութի ապստամբների թիրախներին։

Գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և նավարկության ազատության ապահովմանը, հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից։

Ի պատասխան՝ «Անսար Ալլահ»-ը պարբերաբար հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածներ է հասցնում Կարմիր ծովի հյուսիսում գտնվող ամերիկյան USS Harry S. Truman ավիակրին։

Նշենք, որ հութիներն Իրանի կողմից աջակցվող «Դիմադրության առանցքի» («Հեզբոլլահ», ՀԱՄԱՍ, հութիներ) մասն են և պայքարում են հանուն Պաղեստինի անկախության:

You may also like...