Թրամփը սկսել է զենք վաճառել Ուկրաինային. Kyiv Post
Թրամփի վարչակազմը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է Ուկրաինային 50 միլիոն դոլարի ռազմական արտահանման թույլտվություն տալու մտադրության մասին՝ ուղիղ առևտրային վաճառքի (DCS) միջոցով։ Այս մասին հաղորդում է Kyiv Post-ը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ուկրաինային 50 միլիոն դոլարի զենքի վաճառքի մասին հայտարարությունը ներկայացվել է Կոնգրես՝ համաձայն «Զենքի արտահանման վերահսկման մասին» օրենքի, որը ԱՄՆ նախագահին լիազորություն է տալիս վերահսկել պաշտպանական ապրանքների և ծառայությունների ներմուծումն ու արտահանումը։ Համապատասխան պաշտոնական ծանուցումը Կոնգրեսը ստացել է ԱՄՆ Պետդեպարտամենտի օրենսդրական գործերի վարչությունից։
Ռենդ Քորփորեյշն ոչ առևտրային, անկուսակցական վերլուծական կենտրոնի պաշտպանության և անվտանգության քաղաքականության հետազոտող Մայքլ Սեսիրեն կարծում է, որ եթե ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ուկրաինային շարունակվի՝ լինի դա նախկին օգնության փաթեթների երկարաձգման, թե նախագահական արտակարգ զենքի փոխանցման մեխանիզմի կիրառման միջոցով, դա միայն կամրապնդի ԱՄՆ բանակցային դիրքը։
