Անցողիկ շեմը չհաղթահարած «Ապրելու երկիր»-ի թեկնածու Կարեն Մալխասյանին Վարդան Ղուկասյանը պաշտոն է տվել
«Ես ոչ միայն փոխքաղաքապետների, այլև իմ և բոլորի նկատմամբ եմ խիստ»:
«Ինձ հետ աշխատելը և՛ հեշտ է, և՛ դժվար, ով աշխատող է, հեշտ է, եթե աշխատող չեն, միանշանակ դժվար է լինելու»,- ասաց Ղուկասյանը՝ նշելով՝ ով արդեն հեռացել է, սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից:
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար է նշանակվել նախորդ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը:
Հիշեցնենք՝ «Ապրելու երկիր»-ը 1658 քվե էր ստացել գյումրեցիներից՝ չհաղթահարելով անցողիկ շեմը:

Ղուկասյանն ասաց՝ գնահատել է Մալխասյանի բանիմացությունը, հրավիրել է աշխատանքի:
«Հրավիրել եմ աշխատակազմի ղեկավար, բանիմաց տղա է, խելացի անձնավորություն, հարգալից է պահում իրեն: Կարևոր պաշտոններից մեկը տվել ենք իրեն: Էստեղ ինչ քայլ անեմ, կիմանաք: Ոչ մեկին ոչ մի բան չենք անելու:
Ովքեր համայնքային ծառայողներ են, մրցույթներով են ընտրվել և իրենց աշխատանքը սրբորեն կատարում են, հանցագործություն կլինի, որ որևէ մեկի նկատմամբ որևէ քայլ անենք, մենք մեզ թույլ չենք տա, իսկ ովքեր իրենց դիմումով գնացել են, պետք է նորերին նշանակենք, որ աշխատեն»,- ասաց Վարդան Ղուկասյանը:
Սպասո՞ւմ էիք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կգա նիստին՝ հարցին, Վարդան Ղուկասյանը պատասխանեց՝ ինչո՞ւ ոչ:
««Քաղաքացիական պայմանագիր»-ը պիտի մասնակցի, որ իմանա՝ քաղաքում ինչ է կատարվում»,- ընդգծեց նա:
