Հnւթիները գործում են Իրանի հովանավորությամբ՝ Իսրայելը դա չի հանդուրժի. Նեթանյահու
Իսրայելը կարծում է, որ Իրանն է կանգնած Եմենի հութի ապստամբների՝ «Անսար Ալլահ» շարժման գործողությունների հետևում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Մեկնաբանելով երեկ հութիների կողմից Թել Ավիվի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի գնդակոծությունը՝ նա խոստացել է հզոր պատասխան տալ և վստահեցրել է, որ իր երկիրը «հստակ ազդանշան» կուղարկի Թեհրանին։
«Ինչ վերաբերում է առևտրային ուղիներին (նկատի ունի նավարկությունը Կարմիր ծովով-Խմբ.), ապա ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Իսրայելը, վտանգված է հութիների կողմից։
Այսօր նրանք ստոր հարձակում են իրականացրել «Բեն Գուրիոն» օդանավակայանի մոտ։ Մենք դա չենք հանդուրժի և շատ կոշտ հակաքայլեր կձեռնարկենք։
Մենք միշտ կհիշենք, որ նրանք գործում են իրենց հովանավորի՝ Իրանի հրահանգով և աջակցությամբ։ Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ ապահովելու մեր անվտանգությունը, արդյունավետ արձագանքելու և Իրանին հստակ ազդանշան ուղարկելու համար, որ մենք դա չենք հանդուրժի»,- ասել է Նեթանյահուն։
Մայիսի 4-ի առավոտյան Իսրայելի բանակը Եմենի տարածքից հրթիռակոծություն է արձանագրել, որի հետևանքով օդային հարձակման նախազգուշացում է հայտարարվել կենտրոնական Իսրայելի բազմաթիվ շրջաններում, ներառյալ Թել Ավիվը:
Դրանից հետո հրթիռի բեկորներն ընկել են «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի մոտ:
