Ոստիկանությունն այս հարցում չի թերացել․ փոխնախարարը՝ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքի մասին

«Կարծում եմ՝ ոստիկանությունը շատ արագ արձագանքել է դեպքին, երբ արդեն առերևույթ տեսանելի էին, որ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ են տեղի ունենում»:

Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե իրավապահ համակարգը նախապես չկանխեց այն, ինչը տեղի ունեցավ Նոր Նորքի թաղապետարանում:

Նա ընդգծեց, որ ոստիկանությունը այս հարցում չի թերացել, արձագանքը չի ուշացել:

Հարցին՝ ինչո՞ւ իրավապահները որևէ բան չձեռնարկեցին, երբ հրապարակվեց, որ թաղապետը հեռախոսով հայհոյանքներ է հնչեցնում, ու ակտիվսիտներն էլ հայոհայանքներով են պատասխանում, այդ թվում հայհոյախառն ակցիայի տեսքով, Արմեն Մկրտչյանն ասաց.

«Ի՞նչ գործողություններ էիք ենթադրում, որ պետք է լինեին: Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ նորմալ է դա:  Ես գիտեմ, որ քրեական հետապնդում է հարուցված նաև թաղապետարանի աշխատակիցների, և, եթե չեմ սխալվում, նաև թաղապետի նկատմամբ»:

Անդրադառնալով նրան, որ թաղապետը ներողություն է խնդրել իր վարքի համար, ՆԳ փոխնախարարը պարզաբանեց. «Ներողություն խնդրելը մարդու իրավունքն է, և ինքը զղջացել է արարքի համար, բայց նաև քրեական վարույթ կա նախաձեռնված: Ես չգիտեմ՝ նախաքննության մարմինը ներողություն խնդրելը որպես մեղմացնող հանգամանք կդիտարկի՞, թե՞ չի դիտարկի»:

Խոսելով ոստիկանության գործողությունների մասին տեղի ունեցածից հետո, նա նակտեց․

«Ոստիկանությունն արձագանքում է իր ունեցած տեղեկատվության հիման վրա, հասնում է դեպքի վայր, գնահատում է իրավիճակը, համադրում է տեղեկությունները և որոշումները կայացնում է իր ուսումնասիրություններով ստացված գնահատականներով։ Րոպեներ հետո, ոստիկանության ծառայողները ներկա են եղել այնտեղ, սկզբում փորձել են ընդհանուր հասարակական կարգը պահպանել, հետո նաև, ամենայն հավանականությամբ, ուսումնասիրել են մյուս ձայնագրությունները, որոնք առկա են եղել և բնականաբար վարույթ է նախաձեռնվել: Այս պահի դրությամբ մենք ունենք անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված:

Չեմ կարող ասել, թե կոնկրետ քանի հոգի է տարվել ոստիկանություն, քանի հոգի է ձերբակալվել: Համենայնդեպս տեսաձայնագրության մեջ մեկ քաղաքացի կոնկրետ օրինական պահանջին չի ենթարկվել, կադրեր եմ ես ինքս տեսել: Կարծում եմ առաջնահերթ գործողությունը ձերբակալման կատարվել է այդ անձի նկատմամբ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի էր ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին: 

Երևանի քաղաքապետարանից մեկնաբանել էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:   

Ծեծկռտուքի հետևանքով միջադեպից հետո ձերբակալվել է վեց անձ։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին և բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանքներ են առաջադրվել:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն էլ ներողություն  խնդրեց տեղի ունեցածի համար։ 

«Տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզնից և հանրությունից ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայցում, դրանից հետո ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասաց նա:

You may also like...