Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմքերն առկա չեն․ Սեյրան Օհանյան
Իմպիչմենտի մասին առաջին անգամ հենց «Հայաստան» դաշինքը և նրա մաս կազմող քաղաքական ուժերն են արտահայտել, մեր գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանի իր իշխանությունից հեռացումն է:
«Իրավական ու քաղաքական հիմքեր կան նրա հեռացման համար, բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ իմպիչմենտը հենց այնպես, առանց հիմքերի չպետք է լինի:
Դրա հիմքերը լուրջ հաշվարկների վրա են ձևավորված, և երկրորդը պետք է լինի ընդվզող ժողովրդի աջակցությունը, որպեսզի իմպիչմենտը կայանա և կարողանան ազդեցություն գործել այն քաղաքական ուժի պատգամավորների վրա, որոնք պետք է վերջնականապես հաջողացնեն այդ իմպիչմենտը»,-նշել է Օհանյանը:
Հարցին՝ իմպիչմենտի նախաձեռնության հեղինակները դա չե՞ն իմացել, Օհանյանը պատասխանել է, որ իմպիչմենտի համար պետք է 36 ձայն այդ գործընթացը սկսելու և նաև 54 պատգամավորների աջակցություն, ընդ որում նաև ՔՊ-ից, որպեսզի այն հաջողությամբ ավարտվի, իսկ այս նախաձեռնության հեղինակները որևէ մի քաղաքական ուժ չեն ներկայացնում և նաև պատասխանատվություն չեն կրում:
Օհանյանը հավելել է, որ տարիների ընթացքում նաև փողոցային պայքարն է ցույց տվել, որ իրականում նաև դրսում ընդվզող ժողովրդի աջակցություն չեն կարող առանձին ապահովել:
