ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Արմենուհի Հարությունյանի թեկնածությունը (տեսանյութ)
Խորհրդարանը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:
Խմբակցության անունից թեկնածուին ներկայացնելու համար ելույթում ՔՊ անդամ Հերիքնազ Տիգրանյանը հայտնել է, որ Հարությունյանը ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով դիպլոմավորված մասնագետի վկայական:
2008-2010 թթ. ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետն ավարտելով ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում:
Հարությունյանի աշխատանքային փորձն սկսվել է 1999-ից:
2003-ից մինչև 2024 թվականը թեկնածուն աշխատել է Արդարադատության նախարարությունում:
ԲԴԽ անդամի թեկնածու Արմենուհի Հարությունյանն իր ելույթի ժամանակ ներկայացրել է պաշտոնին հավակնելու իր շարժառիթները:
Թեկնածուն իր հերթին նշել է, որ կյանքի 25 տարին նվիրել է պետական համակարգում աշխատանքին, որից 22-ն աշխատել է արդարադատության ոլորտում, մասնակցել է շուրջ 40 իրավական ակտերի մշակման աշխատանքների՝ ներկայացնելով հիմնականում դատական փոփոխություններ:
«Գուցե ոչ մեծ, բայց արժեքավոր ձեռքբերում եմ համարում նաև այն, որ իմ երկարամյա պետական գործունեության ընթացքում, անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից և իրականացրած գործունեության ոլորտից, երբևէ իմ անունը չի ստվերվել որևէ կոռուպցիոն բնույթի կամ շահերի բախման հետ կապված գործողությամբ, անգամ կասկածով կամ նույնիսկ ակնարկով»,- ասել է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
