Բաքուն բողոքում է, թե Մոսկվան ձգձգում է AZAL-ի օդանավի աղետի քննությունը

Բաքուն հայտարարում է, թե մինչև հիմա Մոսկվան պարզաբանումներ չի ներկայացրել անցած տարի Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառների մասին, ինչի հետևանքով զոհվել էր 38 մարդ։

«AZAL-ի ինքնաթիռի կործանումից անցել է հինգ ամիս, սակայն Ռուսաստանը որևէ կոնկրետ տեղեկություն չի հրապարակել հետաքննության ընթացքի մասին», — հաղորդում է ադրբեջանական APA-ն։

Գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, թե ադրբեջանական կողմն այս հարցով ամեն ամիս դիմում է ռուսներին, սակայն ռուսական կողմը տարբեր պատրվակներով ձգձգում է հետաքննությունը և չի արձագանքում հարցումներին։

«Այս հինգ ամիսների ընթացքում Ռուսաստանը որևէ քննչական գործողություն չի իրականացրել։ Ավիավթարի մեղավոր կամ պատասխանատու անձանցից ոչ մեկը չի ձերբակալվել», — նշել է աղբյուրը, հավելելով. — «Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է այս հարցի վերաբերյալ կոնկրետ քայլերի»։

Ադրբեջանի նախագահը վթարից հետո հայտարարել էր, թե դրա մեղավորը Ռուսաստանն է, և Բաքուն պահանջում է արդարություն ։ «Պահանջում ենք պատժել պատասխանատուներին, պահանջում ենք լիարժեք թափանցիկություն և մարդկային վերաբերմունք», — ասել էր Իլհամ Ալիևը:

You may also like...