Շիրակի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար. վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-2021 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք:

«Մասնավորապես պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2021 թվականի ընթացքում նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը, անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված նույն համայնքի մեկ այլ տարածքի հիմնանորոգման նպատակով սուբվենցիայի տրամադրման հանգամանքը և պաշտոնական փաստաթղթերում խեղաթյուրել է վերանորոգման ենթակա տարածքի իրական տեղադիրքը: Արդյունքում վերանորոգման ենթակա փողոցի փոխարեն հիմնանորոգվել է իր բնակության վայրի ճանապարհահատվածը:
Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ին, համայնքի ղեկավարը, հանդիսանալով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ, իր ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է հանձնաժողովի ակտը՝ դրանում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգման ենթակա ճանապարհը:

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար Սարատակ համայնքի նախկին ղեկավարին, նրան օժանդակած տեղակալին և համայնքի ավագանու անդամին մեղադրանք է ներկայացվել:

Վերը նշված երեք անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

You may also like...