Ապօրինի գույքի հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 մլն 344 հազար դրամ
2024 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատարան է ներկայացվել 44 հայցադիմում:
«Դատարանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 միլիոն 344 հազար դրամ:
Բռնագանձման է ենթակա նաև 346 անշարժ և 71 շարժական գույք, ինչպես նաև 85 իրավաբանական անձում մասնակցություն (արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ):
2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցից մեկով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք (շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ), իսկ մյուս 3 հաշտության համաձայնություններով փոխանցման է ենթակա ընդհանուր 858 միլիոն 972 հազար դրամ, որից 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխանցվել է 515 միլիոն դրամը»,- նշեց նա։
Դատախազը հիշեցրեց, որ 2023 թվականին հաշտության 4 համաձայնությունների կնքման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ, 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 102 միլիոն դրամ, իսկ փոխանցված դրամական միջոցները՝ 80 միլիոն դրամ:
«2024 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ: Վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ (գույքերը 2025 թվականի ապրիլի 10-ին ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին):
Բռնագանձման ենթակա 50 հազար 720 եվրոյին համարժեք դրամն ու 878 հազար դրամն արդեն փոխանցված են Վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ մնացած 55.8 միլիոն դրամի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարանից ստացված կատարողական թերթն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն»,- ասաց նա։
Ըստ դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 2021 թվականից առ այսօր, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող շուրջ 150 հայցադիմումներով արգելանք է դրվել 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքի, 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա:
Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ: 147 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը 608 միլիարդ 505 միլիոն 330 հազար դրամ է:
