Հույս ունեմ, որ այս շաբաթավերջին Ուկրաինայում հրադադար կհաստատվի. Ֆրիդրիխ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ձեռք բերվել առաջիկա երկու օրվա ընթացքում։
Մերցը նշել է եռօրյա զինադադարը, որը հայտարարվել է Մոսկվայի կողմից՝ կապված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության հետ։ Նրա կարծիքով, «մեծ հավանականություն» կա, որ հրադադարը կերկարացվի մինչև 30 օր։
«Այնուհետև կարող են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվել»,- նշել է Գերմանիայի կանցլերը։
Մերցի խոսքով՝ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը կպաշտպանեն Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Կանցլերը նշել է, որ պատրաստվել է համատեղ հայտարարություն, որը շատ առումներով նույնական է ԱՄՆ առաջարկին։ Նա ընդգծել է, որ «գնդակն ամբողջությամբ Մոսկվայի դաշտում է»։
