Լրագրող Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել. ՔԿ նախագահ
Լրագրող Լիլիթ Աղեկյանն առաջին անգամ չի հանցանք կատարել. նա բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել: Այդ մասին, այսօր՝ մայիսի 12–ին, Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչո՞ւ է լրագրող Լիլիթ Աղեկյանի դեպքում եղել անհապաղ կալանավորում, իսկ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հետ կապված միջադեպի դեպքում, երբ ուղիղ եթերում նույնիսկ կա ծեծի դրվագ, Տիգրան Տեր-Մարգարյանն ազատ է ու պաշտոնավարում է:
Ըստ ՔԿ նախագահի՝ Լիլիթ Աղեկյանի դեպքում անազատության հետ չկապված խափանման միջոցներ նախկինում էլ ընտրվել էին, բայց անձը «չի փոխում իր վարքագիծը և կատարում է այլ հանցանքներ՝ անհարգալից վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ, խուլիգանություն, հարկադրված դիմել են այդ միջոցին»:
Ինչ վերաբերում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին, ապա ՔԿ նախագահը նշեց, որ այն արարքը, որը մեղսագրված է թաղապետին, ոչ մեծ ծանրության հանցագործություն է, որը կատարվել է առաջին անգամ: Իսկ պաշտոնավարման կասեցման կարիք չի եղել, քանի որ անձի դատավարական պատշաճ վարքագիծն ապահովելու համար բավարար էր պաշտոնյայի նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելու խափանման միջոցը:
