Ուկրաինայի նախագահը Ստամբուլում Պուտինից բացի ոչ ոքի հետ չի հանդիպի. Զելենսկիի գրասենյակ

Վլադիմիր Զելենսկին Ստամբուլում կհանդիպի միայն Վլադիմիր Պուտինի հետ:

Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը The Breakfast Show-ի եթերում։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Զելենսկին հանդիպի Ռուսաստանի այլ ներկայացուցիչների, օրինակ՝ Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ, Պոդոլյակը պատասխանել է. «Իհարկե ոչ»։

«Միայն Պուտինը կարող է որոշում կայացնել պատերազմը շարունակելու կամ դադարեցնելու մասին»,- ասել է Պոդոլյակը։

Նրա կարծիքով, ցանկացած այլ ձևաչափով հանդիպում անիմաստ է և կբերի միայն ժամանակ կորցնելու։

Հիշեցնենք՝ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ վարել Ստամբուլում մայիսի 15-ին:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության և սպասում է Կիևի և նրա արևմտյան գործընկերների արձագանքին։

Ռուսաստանը պետք է մայիսի 12-ից հաստատի լիարժեք, տևական և հուսալի 30-օրյա զինադադար, միայն դրանից հետո Ուկրաինան պատրաստ կլինի բանակցություններին, ասել է Վլադիմիր Զելենսկին՝ ի պատասխան Կրեմլի առաջարկի։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի նշել պատվիրակության կազմը, որը Մոսկվայից կմեկնի Թուրքիա՝ բանակցությունների։

Ռուս-ուկրաինական բանակցությունները նախատեսված են մայիսի 15-ին, ՌԴ նախագահի գրասենյակը դեռևս չի հայտնել Պուտինի՝ Ստամբուլ ուղևորվելու մասին:

You may also like...