2-ամյա երեխայի անհետացման չճշտված հրապարակումներն էմոցիաներ են ստեղծում. ընտանիքը ծանր վիճակում է. ՆԳՆ խոսնակ

Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հորդորում է չճշտված տեղեկություններ չտարածել Մարմարիկում 2-ամյա Տիգրան Պետրոսյանի անհետացման, նաև որոնողական աշխատանքների հետ կապված:

«Կցանկանայի հասարակությանը և լրատվամիջոցներին հորդորել չճշտված տեղեկություններ չհրապարակել, ավելորդ չխաղալ մարդկանց էմոցիաների հետ:
Ընտանիքը գտնվում է ծանր հոգեվիճակում, ու այդ չճշտված ինֆորմացիաները որևէ կերպ չեն օգնում ո՛չ նրանց, ո՛չ էլ ստեղծված իրավիճակին»,- այս պահին Մարմարիկում փրկարարների աշխատանքին հետևող «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Նարեկ Սարգսյանը:

Խոսնակն ընդգծել է՝ հանրության, հրապարակումների զսպվածությունը զերծ կպահի անհարկի խուճապից ու թույլ կտա, որ մարդիկ առավել սևեռվեն բուն խնդրի վրա՝ արդյունքի հասնելու նպատակով:

«Ոստիկաններն ու փրկարարներն առավոտից կրկին որոնողական աշխատանքներ են տանում գետի ամբողջ երկայնքով, նաև ջրամբարի տարածքում, գյուղում և հարակից վարչական տարածքներում»,- եզրափակել է նա:

Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար: Գործողությունը, սակայն, արդյունք չէր տվել:

Մայիսի 9-ին փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն էր, նա դարձել է 2 տարեկան:

You may also like...