Թիթեղը հարվածել է հղի կնոջը, վնասել պտղին. չծնված երեխան փրկել է մոր կյանքը. մանրամասներ
Դեռ լույս աշխարհ չեկած երեխան փրկել է մոր կյանքը, սակայն ծնվել է ճակատի ձախ շրջանում խոր վնասվածքով։
Պարզվել է, որ այդ օրը՝ կիրակի երեկոյան՝ ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը՝ վնասելով որովայնը:
Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել, հետազոտություններից հետո՝ բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց, սկսվել է վիրահատությունը:
Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 9 ամսական աղջիկ երեխա՝ 2 կգ 450 գրամ քաշով, 48 սմ հասակով, ճակատի ձախ շրջանում 5 սմ երկարությամբ խոր վնասվածքով:
Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար, երեխային վիրահատած բժիշկ Սամվել Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ ԲԿ տեղափոխվելուց հետո երեխան կրկին հետազոտություններ է անցել. բեկորը հարվածել է նրա գլխին:
«Մեծ մակերեսով էր վերքը. արվել է նաև ԿՏ հետազոտություն. դրանով ոսկրի վնասում և ներգանգային խնդիրներ չեն հայտնաբերվել։ Կատարել ենք նաև վերքի կարում, փակում, վիրաբուժական մշակում։
Այս պահին գտնվում է ռեանիմատոլոգների հսկողության տակ. որոշակի բուժում, հետազոտություն կլինի, քանի որ անհաս է փոքրիկը»,- ասում է մասնագետը:
Ըստ բժշկի՝ գլխի վնասվածքի հետ կապված որևէ բարդություն չկա։ Երեխայի բուժման հետ կապված այլ մանրամասներ կորոշվեն առաջիկայում։
Վերջինս նկատում է, որ դեպքն իրոք արտառոց է. Հայաստանում առաջին անգամ է գրանցվում:
«Արտառոց էր այնքանով, որ չծնված երեխայի վնասվածք էր, որը չենք ունենում։ Ես ամեն դեպքում առաջին անգամ եմ այսպիսի դեպքի ականատես լինում Հայաստանում: Խնդիրը նրանում էր, որ արգանդում էր»,- ասում է նա։
Երեխայի վիրահատության ժամանակ բժիշկը մտավախություններ չի ունեցել․ «Որպես վնասվածք այնպիսին էր, ինչպես մյուս պացիենտների դեպքում: Խնդիրն այն էր, որ երեխան մի քանի ժամվա ծնունդ էր:
Բազմաթիվ դեպքեր են եղել, որ վիրահատել ենք մի քանի ժամվա ծնված երեխաների, սակայն՝ բնածին արատներ:
Մտավախությունն այն էր, թե ինչ վնասվածք էր ստացել, բայց երբ հետազոտությամբ տեսանք՝ այլ ծանր վնասվածքներ չկան, մտածում էինք, որ բարեհաջող կանցնի»։
Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մասնագետները համոզված են, որ կնոջ կյանքը փրկել է դեռ չծնված երեխան:
