Վիճաբանություն և հրմշտոց՝ Ազգային ժողովում

Խորհրդարանում այսօրվա նիստի ընթացքում կրքերը թեժացան՝ պատգամավորների միջև կրկին հրմշտոց տեղի ունեցավ:

Նախ իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում թվարկեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ըստ դատախազության, ապօրինի ձեռք բերված ունեցվածքը՝ մի քանի անգամ նրա որդուն՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանին, անուղղակի կերպով անվանելով «փոքրիկ իշխան»:

Ապա ելույթ ունեցավ Լևոն Քոչարյանը, հիշեցնելով վարչապետի հայտարարությունը, թե ամեն գյուղ գնալիս իրեն հարցնում են՝ «ինչո՞ւ Քոչարյանը նստած չէ», շեշտեց. «Գիտե՞ք՝ մեզ ինչ են ասում, ասում են՝ էս անհայրենիք դավաճանները ո՞նց ա, որ մինչև հիմա ազատության մեջ են, մի բան էլ շարունակում են իշխանության մեջ մնալ»:

Ապա անդրադառնալով ընդդիմադիրներին վարչապետի կողմից «համբալ»-ով դիմելուն՝ ասաց. «Հաջորդ օրն ինքը գնաց Մոսկվա, ինձ հետաքրքիր է՝ դուք, ինքը նայե՞լ եք այդ տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ էլի, կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է՝ դուրս կշպրտեմ դահլիճից: Ալեն Սիմոնյանը թող իմանա ու ուշադիր լինի, երբ որ իրեն դուրս շպրտեմ էնտեղից, բարձր է նստած, շատ ցավոտ է լինելու»

Լևոն Քոչարյանին արտահերթ ելույթով արձագանքեց Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ նրան դիմելով «արա՛, Լևոն»-ով:

«Ասեմ, թե ինչ են ասում մարդիկ Ռոբերտ Քոչարյանի մասին, ասում են, թե «հայրը թուրք է», բայց մենք երբեք տենց բան այստեղից չենք ասում, անունն էլ են ասում: Ասում են՝ «անհայրենիք դավաճան են», «Արցախը լքել են»: Բայց մենք տենց բան այստեղից չենք ասում, պահպանում ենք կոռեկտության սահմանները», — ասաց Հակոբ Արշակյանը:

Արշակյանի ելույթի ժամանակ սկսվեցին բանավեճն ու տեղից ելույթները «Հայաստան» ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամների միջև:

You may also like...