Թբիլիսին դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Վրաստանին պատժամիջոցների ենթարկելու մասին օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը դատապարտել է «Մեգոբարի ակտը»՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից աջակցվող օրինագիծը, որը պատժամիջոցներ է նախատեսում Վրաստանի իշխանությունների դեմ։

Վրացի պատգամավորների կողմից ընդունված հայտարարության մեջ ասվում է, որ փաստաթուղթը հիմնված է Թբիլիսիի դեմ «երեք կեղծ մեղադրանքների վրա», և կեղծ են պնդումները, թե երկիրը հետ է նահանջում ժողովրդավարությունից, արգելափակում է եվրաատլանտյան ինտեգրումը և մերձենում Մոսկվային ու Պեկինին:

Խորհրդարանականներն ընդգծել են, թե «Վրաստանում անցկացվում են ազատ և արդար ընտրություններ, իսկ 2008 թվականից Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան։  Վրացի պատգամավորները նշել են, որ 2012 թվականից հետո ոչ մի վրացի քաղաքական գործիչ չի այցելել Մոսկվա։

«Վրաստանի և Չինաստանի միջև քաղաքական հարաբերությունները գտնվում են նույն մակարդակի վրա, ինչ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

«Մեգոբարիի ակտ»-ն ընդունվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից մայիսի 5-ին և ուղարկվել է Սենատ՝ քննարկման համար: Հաստատվելու դեպքում այն կուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփին, որի ստորագրելուց հետո ընդունված կհամարվի:

Օրինագծի հեղինակը հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնն է, որն աջակցում է վրացական ընդդիմությանը։ Ակտի անվանումը առաջացել է վրացերեն «megobari» բառից, որը նշանակում է «ընկեր»։

Փաստաթուղթը ներառում է դրույթներ վրացական ղեկավարության դեմ հնարավոր պատժամիջոցների մասին՝ «ժողովրդավարությունը հետին պլան մղելու», Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ մերձեցման համար։

Այնուամենայնիվ, այն նաև աջակցություն է խոստանում Վրաստանին, եթե երկիրը վերադառնա ժողովրդավարության ուղի և ճշգրտի իր արտաքին քաղաքականությունը։

You may also like...