Փոքրիկ Տիգրանին գտնելու համար տիեզերքի լուսանկարներն ենք ուսումնասիրում, ցավոք, տեղանքի տիեզերքի լուսանկարները թվագրվում են ապրիլի 26-ին. ԲՏԱ նախարար
Դեռևս նախորդ շաբաթ, գուցե յոթ-ութ օր առաջ, երբ հանրային-հրապարակային տիրույթում նմանատիպ խոսակցություններ սկսվեցին, դեռևս մինչև մեզ դիմելը, ինքս հարցը քննարկեցի համապատասխան մասնագետների հետ՝ նախ և առաջ հասկանալու, արդյոք հնարավոր է առկա և մեզ հասանելի որևէ տեխնոլոգիական լուծումներով, մասնավորապես` տիեզերական լուսանկարներով, որոշակիություն ունենալ հասկանալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել տվյալ օրը:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով օրեր առաջ կորած մարալիկցի 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների ընթացքին:
Սակայն մենք համարեցինք, որ այնուամենայնիվ, եթե անգամ պարզվի, որ այդ օրը կան, առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք՝ անկախ նրանից տեխնիկապես հնարավոր կլինի իդենտիֆիկացնել, թե՝ ոչ: Մենք առնվազն պարտավոր ենք հասկանալ, կան այդպիսի լուսանկարներ և եթե կան փոխանցենք գործընկերներին։
Եվ վերջին յոթ-ութ օրերի ընթացքում մեզ հետ երբևէ համագործակցություն ունեցած կամ երբևէ նույնիսկ նախկինում որևէ գործակցություն չունեցող միջազգային առաջատար ընկերությունների հետ, երկու տասնյակ ընկերությունների հետ մենք ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել, սակայն պետք է տխրությամբ ասեմ, որ վերջին լուսանկարները, որ որևէ ընկերությունից մեզ հայտնել են, որ արվել է տվյալ տեղանքի, ապրիլի 26-ին են թվագրվում, ինչը բնականաբար, ավելի վաղ ժամկետ է, քան այն օրը, երբ դեպքն է տեղի ունեցել։
Մենք ամենօրյա ռեժիմով իրականում աշխատում ենք՝ հույս ունենալով, որ առաջիկայում նաև կարող են հայտնի լինել գուցե թե այլ ընկերությունների մոտ տվյալ օրերի լուսանկարներ: Վստահեցնում եմ՝ ավելագույնն է արվում»,- ասաց նա:
