Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կարծում է՝ Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի:
«Հանրային տիրույթում օրեցօր ահագնացող ատելության խոսքի պայմաններում առավել կարևորում եմ հատկապես դպրոցի դերը։ Երեխաներին կրթություն տալու դպրոցի գործառութային պարտականությունը երբեք չի կարող այս կամ այն կերպ վերածվել անբովանդակ և, ըստ էության, քաղաքական քննարկումների առարկայի, որին երեկ ականատես եղանք Մերձավանում։
Ուսուցչի դերի և կարևորության մասին մշտապես խոսում ենք, գնահատում ուսուցչին, նաև մեծարում, սակայն դրան հակառակ՝ շատերի կողմից թիրախավորված ուսուցչի նկատմամբ երեխաների վարքը, որ ոչնչով չի կարելի արդարացնել, այսօր փաստացի գնահատանքի է արժանանում որոշների կողմից։ Իհարկե, անթույլատրելի եմ համարում նաև մանկահասակ երեխաների թիրախավորումը։
Ընտանիքի միջազգային օրը կոչ եմ անում մեր հայրենակիցներին, հատկապես ծնողներին առավել ուշադիր լինել իրենց երեխաների դաստիարակության նկատմամբ, որը, վստահաբար, առավել նպաստավոր պայմաններ կապահովի դպրոցական կոլեկտիվի ներկայացուցիչների համար՝ կատարելու իրենց մասնագիտական պարտականությունները։
Աջակցությունս եմ հայտնում ուսուցչուհուն»,- գրել է Բաքոյանը:
Հիշեցնենք, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։
Նրանց պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:
Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված ցանկանում են ազատվել իրենից:
