Սրանք ազդակներ են, որոնք մեզ հուշում են, որ գնանք ավելի լուրջ փոփոխությունների. Արթուր Հովհաննիսյանը՝ Մերձավանի դպրոցում ստեղծված իրավիճակի մասին
Երեխաները, այո՛, կարող են նաև տարբեր տեսակի վարք դրսևորել, որը հատուկ չէ հասուն տարիքի մարդկանց, որովհետև դեռ պետք է կրթություն ստանան, դաստիարակվեն: Երեխաների իրավունքները բոլորիս պաշտպանության ներքո են, և այստեղ հարց չկա:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ի պատասխան Մերձավանի դպրոցի ուսուցչուհու հետ կապված իրադարձության ֆոնին համացանցում աշակերտների թիրախավորմանը վերաբերող հարցի:
Նրա խոսքով՝ պետությունն իր բոլոր հնարավոր ռեսուրսներով այս պահին այդ ուղղությամբ աշխատում է, բացի այդ, ԿԳՄՍ նախարարությունն էլ, ՄԻՊ գրասենյակն էլ, բացի հրապարակային հայտարարություններից, կոնկրետ աշխատանքներ են տանում և՛ տեղում, և՛ աշակերտների ու ծնողների հետ, որպեսզի կարողանան խնդիրը վերացնել ու հետագայում նման կարգի խնդիրներից խուսափել ոչ միայն տվյալ դպրոցում, այլև մյուսներում:
«Սրանք ազդակներ են, որոնք մեզ հուշում են և ստիպում, որ գնանք ավելի լուրջ փոփոխությունների, նոր ծրագրերի, նոր մոտեցումների, որովհետև հասկանում ենք, որ խնդիրներ կան, որոնք արդեն ընկալման մի քիչ այլ մակարդակներում են: Լուրջ աշխատանք պետք է իրականացնել»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:
