Կողմերի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Հովհաննիսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ճեպազրույցի ժամանակ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ մինչև ՀՀ Սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիրը այդպես էլ չի ստորագրվի:
Ըստ Հովհաննիսյանի՝ վարչապետը, ըստ էության, կրկնել է այն, ինչ բազմիցս լսել են բոլորը:
«Անգամ եթե իրականության մեջ դիտարկենք Ադրբեջանի մտահոգությունները՝ կապված Հայաստանի Սահմանադրության հետ, նախ՝ մենք էլ ենք արձանագրում, որ մենք էլ ունենք մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի սահմանադրության հետ, նաև քաղաքական գործընթացների հետ՝ որոշ շրջանակների կողմից Ադրբեջանում տեղի ունեցող, որոնք էլի տարածքային պահանջների մասին են Հայաստանի նկատմամբ:
Եվ առաջարկում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել նույն տեղում, նույն ժամին, ինչպես վարչապետը նշեց, ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին համատեղ հայտարարության հետ:
Եվ այսպես ենք մենք պատկերացնում խնդրի լուծումը, սա է մեր առաջարկը Ադրբեջանին, և մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում մեր առաջարկին»,- ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ վարչապետը մայիսի 15-ին Տիրանայում պատասխանել էր ադրբեջանցի լրագրողի հարցերին՝ կապված Ադրբեջանից բարձր մակարդակով հնչող մտահոգությունների հետ, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
