Խնդրում եմ օգնել ինձ գտնել Բաղրամյան 26 հարևանությամբ բնակվող կնոջը․ ո՞ւմ է փնտրում Ալեն Սիմոնյանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի կնոջ լուսանկար և նշել, որ փնտրում է նրան։
Նկատենք՝ տվյալ կինը, Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյունի դեպքի վայրում լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արձանագքելով հարցին, թե պայթյունի վայրում գտնվող շենքի երկու հատվածներում առանձնատուն է կառուցվում, հայտարարել է՝ «էն կողքը Ալեն Սիմոնյանինն է, ամբողջ ձմեռ տառապեցինք դրա ձեռքին»։
Հիշեցնենք՝ երկու պայթյուն էր լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում:
Այնուհետև ՀՀ ներքին գործերի նախարարությունը մանրամասներ հայտնեց Երևանի կենտրոնում բռնկված հրդեհից․ տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին։
ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնել էր. «Հարևանությամբ կայանված երկու «Մերսեդես» մակնիշի և BYD մակնիշի մեկ ավտոմեքենա հրդեհվել է: Կայանված են եղել, վարորդները կամ այլ անձինք այդտեղ չեն եղել, այդ ընթացքում բետոնախառնիչի վարորդին հաջողվել է մեքենայից դուրս գալ և մարմնական վնասվածքներ չստանալ: Նախնական տվյալներով՝ որևէ տուժած չկա, հարկ եղած դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
