ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և համագործակցություն» դասընթացին
2025 թվականի մայիսի 12-14-ը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վազգեն Ավետիսյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոնի (UNRCCC) կողմից անցկացված «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և ազգային համագործակցություն» թեմայով միջազգային վերապատրաստման եռօրյա դասընթացին։

Դասընթացի նպատակն է խորացնել մասնագիտական կարողությունները կիբեռհանցագործությունների կանխարգելման, նախաքննության և միջազգային համագործակցության ոլորտներում։
«Համոզված եմ, որ այցի շրջանակում երկուստեք փոխանակված գիտելիքները մեր գործընկերները կկիրառեն իրենց ամենօրյա աշխատանքում։ Կարծում եմ՝ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել համագործակցության շարունակականությունը»,–ընդգծել է Վազգեն Ավետիսյանը։

Դասընթացի արդյունքում ձեռք են բերվել գործնական հմտություններ էլեկտրոնային ապացույցների հետազոտման, համացանցային բաց աղբյուրներից տվյալների որոնման և ամրագրման, դրանց հետազոտման և վերլուծության, կիբեռսպառնալիքների չեզոքացման և արդյունավետ քննության իրականացման, ինչպես նաև կիբեռտիրույթում մարդու իրավունքների, երեխաների և խոցելի խմբերի պաշտպանության ուղղություններով։
