Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը:
Անդրադարձ է կատարվել սպանդանոցային գործունեությանը, նշվել է, որ իրականացվել են սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների համար նախատեսված տարբեր ծրագրեր: Տեղեկատվություն է ներկայացվել 2024-2025 թթ․ ընթացքում ՍԱՏՄ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ:
Իրականացվել են նաև գյուղատնտեսական կենդանիների պատվաստման, կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագրեր: Մանրամասներ են ներկայացվել առանձնացված դարակաշարերով կաթնամթերքի վաճառքի, կերային հավելումների պետական գրանցման և ռեեստրի վարման հետ գործընթացների վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սննդամթերքի անվտանգության ոլորտում խախտումների հայտնաբերման և արձագանքման մեխանիզմներին, վերջիններիս արդյունավետությանը, սպանդանոցային գործունեության հետ կապված օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև անասնաբուժական ծառայությունների բարելավմանը և կարողությունների զարգացմանը:
Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:
