Կարևոր փոփոխություն է Վերին Լարսի անցակետում անցուղիների ավելացումը․ Մհեր Գրիգորյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է նաև Վերին Լարսի անցակետին, ուղևորափոխադրումների հետ էլ կապված նորություններին: «Հաճույքով արձանագրում ենք, որ մեր երկարատև խոսակցությունը ՌԴ-ի մեր գործընկերների հետ բերել է կոնկրետ արդյունքի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվել, թե որքան է ավելացել Վերին Լարսի անցակետի թողունակությունը և արդյոք կարող ենք ասել, որ հերթերի հարցը դրանով լուծվում է:

«2021թ.-ի վերջից, 2022 թ.-ի ընթացքում ու այս տարվա արդյունքներով անցակետում 11 անցուղիների թիվը դարձել է 39-ը: Դա շատ մեծ ու շատ կարևոր փոփոխություն է: Մենք 2020-2021 թթ.-ին ռեկորդը եղել է օրական 300 բեռնատար, այսօր մոտ 1500 է: Ընդ որում, երեկվա դրությամբ 409 մեքենայի համար ազատ անցուղի կար: 24-ը մարդատար մեքենաների համար է, որ քաղաքացիները կոմֆորտ ունենան: Ռուսական կողմում կա մեկ անցուղի ոչ մեծ մեքենաների համար, ինչը ևս կարևոր է, և ևս երկու անցուղի կա ավտոբուսների համար: Սա մի լուծում է, որը հայկական բեռների համար որևէ խոչընդոտ չպետք է առաջացնի: 11-ից 39 անցուղի դառնալը հնարավոր չէ, որ բացարձակ դրական արդյունքներ չառաջացնի: Ընդ որում` կարևոր է նաև, որ Վրաստանում էլ մինչեւ 2024 թ. վերջը 9-ից դառնալու է 15 անցուղի»,-պատասխանել է Մհեր Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հարցը մշտապես եղել է Ռուսաստանի նախագահի և ՌԴ վարչապետի հետ քննարկումների իր օրակարգում. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ նախագահ Պուտինին, և՛ վարչապետ Միշուստինին այս հարցում հետևողական աշխատանքի համար: Դա նաև Վրաստանի վարչապետի հետ մեր աշխատանքային օրակարգում է եղել, և վարչապետ Ղարիբաշվիլիին եմ ուզում շնորհակալություն հայտնել: Գիտեմ, որ շատ մեծ տեմպով աշխատանքներ են գնում: Այնտեղ նաև թունելի շինարարություն է: Իհարկե, սա գլոբալ լոգիստիկ վերադասավորումների հետ կապ ունի նաև»,-ընդգծել է վարչապետը:

You may also like...