Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները․
«Համբալ» արտահայտությունը,
«Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը,
«Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:
Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում։
Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։
Այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու և ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։
Ոչ մի օրենք թույլ չի՛ տալիս պաշտոնյային, լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։
Հուսամ, որ սա իրավական նախադեպ է դառնալու։ Եվ ԿԿՀ-ի վարույթը ձևական չի լինի, այլ որոշմամբ կփաստի, որ պետության ներսում անգամ սահմանադրական ինստիտուտներն արձագանքում են իշխանական անթույլատրելի վարքի դրսևորմանը:
Նաև այս ձևաչափով պահանջում եմ Հանձնաժողովից՝
Հանրային բաց ու թափանցիկ քննություն,
Պատշաճ մասնագիտական գնահատական:
Վարչապետը չի՛ կարող շարունակել իրեն դրսևորել որպես իրավունքից վեր կանգնած անձ։
Պետական պատիվը սկսվում է խոսքից։
Իսկ պետության հեղինակությունը՝ պահվածքից»,- գրել է նա:
