Կարճ ժամանակով դանդաղեցվել է նույնականացման քարտերի տրամադրումը, ոլորտում հնամաշ ենթակառուցվածք ունեինք. ՆԳ փոխնախարար
Որոշ ժամանակ առաջ շատ լուրջ խնդիր ունեինք՝ անձնագրային ծառայությունների հերթերի հետ կապված:
Այս պահի դրությամբ անձնագրի մասով առնվազն մենք նման խնդիր չունենք, և հերթագրման համակարգն այնպես է փոխվել, որ վարորդականի պարագայում ևս ցանկանում էինք կիրառել այդ օրինակը:
Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:
«Որոշակի խնդրահարույց իրավիճակ ունենք նույնականացման քարտի տրամադրման ենթակառուցվածքի հետ կապված:
Որոշակի կարճ ժամանակով դանդաղեցվել է նույնականացման քարտերի տրամադրումը, բայց այս ոլորտում ունեինք հնամաշ ենթակառուցվածք:
Հիմա փորձում ենք միջանկյալ լուծում տալ և արդիականացնել, տեխնիկապես թարմացնել ենթակառուցվածքը, որից հետո այս ենթակառուցվածքը կրկնակի արագությամբ կաշխատի:
Այսինքն՝ մեր այս մի քանի օրերի դանդաղումը մենք կկարողանանք վերականգնել, մեր տեմպերը կկարողանանք վերականգնել»,- ասաց նա:
Փոխնախարարը նաև ներկայացրեց նույնականացման քարտերի տրամադրման թվերը՝ ըստ նախորդ տարիների:
«Մենք տարիներ շարունակ ունեցել ենք 100-120 հազար ID քարտերի տպագրում, միայն անցած տարի՝ 2024 թվականին, մենք տրամադրել ենք 160 հազարից ավելի նույնականացման քարտ, և այս տարի մայիսի դրությամբ արդեն 90 հազարից ավելի է:
Կարող եք նկատել, թե ինչ պահանջարկ ունեն նույնականացման քարտերը, և սա արմատապես կապվում է Կառավարության թվային օրակարգի հետ, որովհետև որպեսզի թվային միջավայրում անձը կարողանա ծառայություններ ստանալ, առաջին քայլը թվային միջավայրում նույնականանալն է»,- ասաց նա:
