Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Քաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսական քննությունը:

Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Ստանում ենք քաղաքացիներից դիմումներ, որ տեսական ու գործնական քննությունները միևնույն Հաշվառման-քննական ստորաբաժանումում հանձնելը բարդություններ է առաջացնում:

Պայմանական, եթե անձը Երևանի ստորաբաժանումում տվել է տեսական քննությունը, գործող կարգավորման պայմաններում էլ պետք է հենց Երևանում էլ հանձնի գործնական քննությունը:

Բայց պրակտիկորեն չենք բացառում իրավիճակը, որ անձը կարող է, օրինակ, գտնվել Տավուշի մարզում, Տավուշի Հաշվառման-քննական ստորաբաժանումն ունենա բաց պատուհան գործնական քննության համար, և գործող իրավակարգավորման համաձայն, նա չի կարողանա ընտրել այդ պատուհանը և սպասարկվել:

Առաջիկայում շրջանառության մեջ կդրվի կարգավորումների փոփոխության նախաձեռնություն, որով կթույլատրվի անկախ նրանից, թե անձը որտեղ է հանձնել տեսական քննությունը, գործնական քննությունը հանձնի իր նախընտրելի վայրում»,- ասել է նախարարը:

You may also like...